Հայ-թուրքական գործընթացով Էրդողանը առևտուր է անում, Թուրքիան ու Ադրբեջանը սպասում են ԱՄՆ ընտրությունների ավարտին

 «Թուրքիան որքան էլ խոսում է ՀՀ-ի հետ առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորելու մասին, բայց կա նախապայման, ու դա Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքումն է»,- ասաց թուրքագետ Նելլի Մինասյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու թուրքական կողմից համապատասխան քայլեր չենք տեսնում հարաբերությունները կարգավորելու ու սահմանները բացելու ուղղությամբ, չնայած ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությանը, որ Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ, հաստատել դիվանագիտական հարաբերություններ և բացել սահմանները։ 


Ըստ նրա՝ ՀՀ-ից կախված ոչինչ չկա Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար. «Ամեն ինչ կախված է Թուրքիայից, որովհետև ՀՀ-ն բոլոր քայլերը վերջին շրջանում կատարել է։ ՀՀ-ն շատ քայլեր է արել՝ վարչապետը գնաց Էրդողանի երդմնակալությանը, երկրաշարժից հետո օգնություն ուղարկեցինք, Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցեցինք և այլ քայլեր։ Այսինքն՝ այս հարցում Թուրքիան համառում է ու պատասխան քայլեր առայժմ չի անում։ Կարծում եմ՝ Թուրքիայի հետ հարաբերությունները կկարգավորվեն խաղաղության պայմանագրից հետո»։ 


Թուրքագետի խոսքով՝ Անկարան չի շտապում Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորման մեջ դրական դեր խաղալ. «Թուրքիան ու Ադրբեջանը սպասում են նաև ԱՄՆ նախագահական ընտրությունների ավարտին, որը կարող է ազդել Հրվ. Կովկասի գործընթացների վրա»։ 


Հարցին՝ եթե ՀՀ-ից հայտարարում են, որ գնում են եվրաինտեգրման, ու նույն նպատակը ունի նաև Էրդողանը, դա կարո՞ղ է իր ազդեցությունը ունենալ հարաբերությունների կարգավորման վրա, Մինասյանը ասաց. «Էրդողանը 2002թ.-ից հայտարարում է  Թուրքիայի՝ ԵՄ գնալու մասին, բայց դա տեղի չի ունեցել և դժվար թե տեղի ունենա։ ԵՄ անդամ դառնալը ուղղակի Թուրքիայի ցանկությունն է, բայց իրեն 2015թ.-ին մերժել են ու հետո էլ կմերժեն»։ 


Մինասյանը, անդրադառնալով հուլիսին կայանալիք Բայդեն-Էրդողան հանդիպմանը, նշեց, որ այդտեղ Հրվ. Կովկասի խնդիրները առաջնային չեն լինելու և նույնն էլ Էրդողանի ու Պուտինի հնարավոր հանդիպման դեպքում. «ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում կա ՀՀ-ի հետ հարաբերությունները կարգավորելու թեման, բայց դա Էրդողանը պահում է քաղաքական առևտուր անելու համար։ Թուրքիա-ՌԴ հարաբերություններում շատ կարևոր են տնտեսական խնդիրները, ու Աստանայի համաժողովի ընթացքում հենց այդպիսի հարցեր են քննարկվելու։ Կա Սևծովյան ավազանի հարց, ատոմակայանի հարց, գազային հանգույցի հարց և այլն։ Ինչ վերաբերում է ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններին, ապա այստեղ կա ռազմական բաղադրիչ, որովհետև դեռ F 16-երը չեն մատակարարվել, Թուրքիան ցանկանում է  նաև F 35-երի ծրագրին վերադառնալ։ Նաև տնտեսական խնդիրներ կան։ ԱՄՆ-ն ու հավաքական Արևմուտքը ներդրումներ չեն իրականացնում, իսկ Թուրքիայի տնտեսությունը առանց այդ ներդրումների չի կարող ոտքի կանգնել»։

 

Դավիթ Լևոնյան